Posted in Մայրենի

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր, ծայր, սահման

խրճիթ-տնակ

հոյակապ-շքեղ, սքանչելի

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մնալ, գալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տղան անհանգիստ էր, նա դժգոհ էր և ուզում էր ավելի լավ ու ճոխ տուն ունենալ։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:

Բնութագրի՛ր մորը։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Բանաստեղծության հերոսներն են մայրիկն ու տղան։ Նրանք ապրում են գորշ խրճիթում՝ գետի եզրին, ծառերի տակին։ Տղան մի օր ասաց մայրիկին, որ հոգնել է իրենց հին և գորշ խրճիթից և ցանկանում  է գտնել  ավելի լավ տուն։ Նա գնում է աշխարհից աշխարհ, շքեղ տներ է տեսնում,  բայց միշտ    ինչ-որ բան պակասում է։ Այսպիսով, տղան հետ է գալիս իր մայրիկի մոտ և ասում,  որ ամենից լավ տունը իրենց հին և գորշ խրճիթն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *